Սաուդյան արքայազնին մահապատժի են ենթարկել սպանության համար
Սաուդյան Արաբիայում արքայազնին մահապատժի են ենթարկել վեճի ժամանակ երիտասարդի սպանելու համար: Այդ մասին հաղորդել է Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարը, տեղեկացնում է Al Arabia-ն:
Արքայազն Տուրկի բին Սաուդ ալ-Քաբիրը մեղավոր է ճանաչվել երիտասարդի սպանության համար: Սպանությունը տեղի է ունեցել Էր-Ռիյադի ծայրամասում սկսված վեճի ժամանակ, մոտ երեք տարի առաջ: Երկրի ՆԳՆ պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ արքայազնի նկատմամբ մահապատժի տեսքով պատժամիջոց է ընտրվել:
Սաուդյան Արաբիայի գերագույն և վերաքննչի դատարանը հաստատել է մեղադրանքը: Վճռի ի կատար ածման համար եղել է նաև թագավորական հրաման: Հայտարարությունում նշվում է, որ օրինական պատիժը կկիրառվի ցանկացած անձի նկատմամբ, ով կխլի անմեղ մարդու կյանք:
Մայիսին իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը Սաուդյան Արաբիայից պահանջել էր երկրում արգելել մահապատժի կիրառումը:










