Ասանժին զրկել են համացանցից օգտվելու հնարավորությունից
Սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որն արդեն 4 տարի է՝ ապաստանել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, զրկվել է համացանցից օգտվելու հնարավորությունից:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, Էկվադորի իշխանություններն անջատել են ինտերնետ կապն այն բանից հետո, երբ Ասանժն ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային վերաբերող ոչ ցանկալի նյութեր է հրապարակել:
«Մենք հաստատում ենք, որ Էկվադորի իշխանությունները շաբաթ օրվանից՝ Goldman Sachs-ի համար Հիլարի Քլինթոնի ելույթների տեքստերի հրապարակումից հետո, արգելափակել են Ասանժի հասանելիությունը համացանցին»,-ասվում է WikiLeaks-ի տարածած հայտարարությունում:
Էկվադորի կառավարությունը համացանցի հետ կապված միջադեպը չի մեկնաբանել, սակայն երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Գիլիոմ Լոնգն ասել է, որ Ասանժը շարունակում է մնալ կառավարության պաշտպանության ներքո:
Ինչպես նշում է Tert.am-ը, Ասանժի հարցաքննությունը հետաձգվել է ու կկայանա նոյեմբերի 14-ին: Հայտնի է, որ շվեդ քննիչները պատրաստվում են Ասանժին հարցաքննել Էկվադորի դեսպանատան շենքում, որից դուրս գալու դեպքում նրան անմիջապես կձերբակալեն:
«Նա Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանի միջոցով գրել է համապատասխան հարցում, որում ներկայացրել է իր պատճառաբանությունները՝ կապված հարցաքննության ընթացքում իր պաշտպանության երաշխիքների հետ», — նշվում է այս կապակցությամբ տարածված հայտարարությունում:
Հիշեցնենք, որ 2012թ.-ի հունիսի 19-ին Ասանժն ապաստան էր խնդրել Լոնդոնում Էկվադորի դիվանագիտական առաքելությունից՝ խուսափելու համար Շվեդիա արտահանձնումից, որտեղ նրան կասկածում են սեռական հանցագործությունների համար: Ասանժը հերքում է մեղադրանքները: Նա մտավախություն ունի, որ Շվեդիան իրեն կարտահանձնի ԱՄՆ-ին, որտեղ նրան տևական ազատազրկման ժամկետ է սպառնում Պետդեպի գաղտնի փաստաթղթերի գաղտնազերծման համար:










