Բելգիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին Հալեպի վերաբերյալ հայտարարությունների պատճառով

18:37 • 19.10.16

Բելգիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին` բացատրություններ տալու համար սիրիական Հալեպ քաղաքի վրա օդային հարվածների մասին տեղեկատվության առնչությամբ, որին կարող էին ներգրավված լինել բելգիական ռազմաօդային ուժերը: Այդ մասին հայտնում է France-Presse գործակալությունը:

Նախօրեին Հալեպ շրջանի Հասաջեկ բնակավայրի վրա օդային հարված է հասցվել, ինչի հետևանքով  վեց մարդ է զոհվել, ևս չորս հոգի վիրավորվել է, երկու բնակելի տուն ոչնչացվել է: 

Կրեմլում հայտարարել են, որ սպասում են «ԱՄՆ-ում և Եվրոպայում գործընկերների արձագանքին» այդ միջադեպի վերաբերյալ: Եթե միջազգային հանրությունը չդատապարտի կոալիցիայի օդային հարվածը, ապա Մոսկվան կդիտարկի դա որպես սիրիական տարածքում զինված խմբավորումներին պահելու փորձ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Բելգիայի պաշտպանության նախարար Սթիվեն Վանդեպուտն իր հերթին հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը օդային հարվածներ չեն իրականացրել: