Հայկական և իրանական կապիտալի մասնակցությամբ արտադրված ապրանքները դյուրությամբ կարող են արտահանվել ԵՏՄ, հատկապես ՌԴ. Իրանում ՀՀ դեսպան
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի դիտարկմամբ՝ Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրվանից մինչ հիմա երկու երկրների միջև քաղաքական լուրջ տարաձայնություններ և հակասություններ չեն եղել: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ մեծ ռեսուրսներով այդ երկրի հետ հարևանությունը տնտեսական հարաբերություններում հաշվի չառնելը առնվազն խելամիտ չի լինի:
-Պարո՛ն դեսպան, Իրանի հետ մեզ կապում է հազարամյակների պատմություն: Հիմա, երբ այդ երկրի դեմ պատժամիջոցները չեղարկվեցին, շատ է խոսվում, որ այն կարող է համաշխարհային տնտեսության վրա լուրջ ազդեցության ունենալ: Այս համատեքստում ինչպիսի՞ն են մեր հարաբերությունները Իրանի հետ, որքանո՞վ էր շահավետ Հայաստանի համար Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը, մենք ի՞նչ օգուտներ կարող ենք քաղել դրանից:
-Հայաստանի և Իրանի միջպետական հարաբերությունները ունեն մոտ 25 տարվա պատմություն: 1992 թվականին մենք դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել, և այդ երկուսուկես տասնամյակների ճանապարհը որոշակի տրամաբանություն է ունեցել։ Այս ամբողջ ընթացքում մեր երկու երկրների հարաբերությունները եղել են բարեկամական. ի թիվս այլ նախադրյալների, դա նաև խարսխված է եղել մեր երկու ժողովուրդների անցած ընդհանուր ճանապարհի, մշակութային ընդհանրությունների վրա: Այս ժամանակահատվածում երկու երկրների միջև քաղաքական լուրջ տարաձայնություններ և հակասություններ չեն եղել:
Ինչ վերաբերում է պատժամիջոցների չեղարկմանը, պետք է ասել, որ դա Իրանի վրա մեծ քաղաքական ազդեցություն է ունեցել: Այն Իրանի համար արտաքին աշխարհի հետ ավելի բաց հարաբերություններ ստեղծելու լուրջ նախադրյալ է: Այնուամենայնիվ, պատժամիջոցների վերացումը տնտեսական տեսակետից դեռ շոշափելի արդյունքներ չի տվել, սակայն մեր հարաբերությունները մնում են բարեկամական և գործընկերային: Հարկ է նշել, որ պատժամիջոցների վերացումից հետո Իրանի ֆինանսական-բանկային համակարգը դեռևս ազատ գործելու հնարավորություն չի ստացել, խոշոր բանկերը առայժմ խուսափում են համագործակցությունից: Այս իմաստով, բանակցություններն Արևմուտքի հետ դեռևս շարունակվում են: Հիշատակության արժանի է այն հանգամանքը, որ պատժամիջոցների շրջանում Հայաստանը Իրանի համար ինչ որ չափով պատուհանի դեր էր կատարում դեպի արտաքին աշխարհ: Հիմա այդ իրավիճակը փոխվել է: Այս իմաստով Հայաստանի դերակատարության ենթադրյալ նվազումը կարելի է հատուցել Իրանի աճող տնտեսության հետ համագործակցության շնորհիվ: Իսկ, ընդհանրապես ասած, պատժամիջոցների վերացման արդյունքները մենք պարտավոր ենք շահեկանորեն ծառայեցնել Հայաստանի օգտին:
-Որոշ մասնագետների կարծիքով՝ Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը հեղափոխություն կարող է բերել համաշխարհային տնտեսությունում: Շատ իրանագետներ էլ նշում են, որ Հայաստանը պետք է օգտագործի այդ հնարավորությունները, բայց այստեղ էլ հավանաբար կլինեն խնդիրներ և մարտահրավերներ: Ձեր դիտարկմամբ՝ որո՞նք են դրանք:
-Անկախ պատժամիջոցների չեղարկումից, Իրանը եղել և մնում է Հայաստանի բարեկամը: Սա էական հանգամանք է: Պատժամիջոցների չեղարկումը իրապես կարևոր քաղաքական իրադարձություն է, սակայն ամենաէականն այն է, որ աշխարհի խոշոր երկրներից մեկի հարևանն ենք, որը մեծ ռեսուրսների է տիրապետում (էներգետիկ, հանքահումքային և այլն), և դա մեր տնտեսական հարաբերություններում հաշվի չառնելը առնվազն խելամիտ չի լինի:
Իհարկե, պետք է նաև հաշվի առնենք Իրանի առանձնահատկությունները, օրինակ՝ արտասահմանյան ապրանքների մուտքը Իրան ինչպես ժամանակին էր դժվար, այսօր էլ շարունակում է մնալ այդպիսին՝ բարձր մաքսատուրքեր, ոչ տարիֆային կարգավորման խնդիրներ, որոնք խանգարում են հայկական ապրանքների ներմուծմանը: Բայց սա չի նշանակում, որ մենք առևտրի ծավալների աճի ապահովման ուղղությամբ ջանքեր չպետք է գործադրենք: Այսօր նաև շատ հրատապ է փոխադարձ ներդրումների ակտիվացման խնդիրը: Հայկական և իրանական կապիտալի մասնակցությամբ արտադրված ապրանքները դյուրությամբ կարող են արտահանվել Եվրասիական միության երկրներ, հատկապես՝ Ռուսաստանի Դաշնություն:
-Խոսվում էր նաև Մեղրիի տարածաշրջանում ազատ տնտեսական գոտի հիմնելու մասին, որը պետք է կամուրջ դառնար իրանական և եվրասիական տնտեսական շուկաների միջև:
-Մանրամասներ չեմ կարող ասել, առայժմ առկա է միայն կառավարության համապատասխան որոշումը: Ի դեպ, Արաքսի մյուս ափին, իրանցիներն արդեն ունեն ազատ տնտեսական գոտի: Կարծում եմ՝ միմյանց հարևանությամբ գտնվող նման տնտեսական գոտիների առկայությունը մեծապես կարող է նպաստել և առևտրի ծավալների աճին, և համատեղ տնտեսական գործունեության իրականացմանը:
-Իրանը աշխարհաքաղաքական գործընթացներում լուրջ դերակատար է, և հաճախ նրա անունը գործածվում է ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի համատեքստում: Ի՞նչ եք կարծում՝ այս խնդրում՝ ի՞նչ դիրքորոշում ունի Իրանը:
-ԼՂ հարցի կարգավորման այսօրվա գործող միջազգային միակ ատյանը ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն է: Ադրբեջանի կողմից լինում են քայլեր և հայտարարություններ, որոնցով կասկածի տակ է դրվում Մինսկի խմբի աշխատանքների արդյունավետությունը, նոր ձևաչափեր են առաջարկվում, մասնավորապես նշվում է Թուրքիայի, նաև Իրանի անունը: Հայաստանը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ գործող ձևաչափի մեջ: Ինչ վերաբերում է Իրանին, ակնհայտ է, որ նա այս հարցում ունի հավասարակշռող և զսպող դեր:
-Հայաստանն Իրանի հետ համագործակցում է էներգետիկայի ոլորտում: Այս իմաստով Հայաստանի համար կարևոր գործընկեր է նաև Ռուսաստանը․ այս «եռանկյունում» ինչպե՞ս են Հայաստան-Իրան հարաբերությունները:
-Էներգետիկայի և գազի ոլորտում մեր համագործակցությունը տվել է լուրջ դրական արդյունքներ: Իրան-Հայաստան գազամուղի գոյությունը կարևոր իրողություն է, և այն խիստ դրականորեն է ազդում մեր տնտեսական հարաբերությունների վրա: Ներկայումս Իրանի արտահանման բանկի ֆինանսավորմամբ կառուցվում է երրորդ բարձրավոլտ գիծը: Դա էլեկտրաէներգետիկայի ոլորտի կարևոր ենթակառուցվածքներից է, որը նաև օգնելու է գազ-հոսանք փոխանակումների գոյություն ունեցող ծավալները մի քանի անգամ մեծացնել:
Ավելին ասեմ, էլեկտրաէներգետիկայի ոլորտում մենք այսօր համագործակցում ենք նաև բազմակողմ ձևաչափով՝ Իրան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան: Արդեն ստորագրվել է փաստաթուղթ, որով լուծվում են էներգետիկ համակարգերի համատեղ գործունեության խնդիրները, մի բան, որը և՛ տնտեսական, և՛ էներգետիկ անվտանգության տեսակետից մեզ համար խիստ կարևոր նշանակություն ունի:
-Գարնանն Իրանում սպասվում են նախագահական ընտրություններ: Մենք հատուկ սպասումներ ունե՞նք այդ ընտրություններից: Կա՞ն նախապատվություններ մեզ համար թեկնածուների առումով:
-Մինչ նախագահական ընտրությունները դեռ բավականաչափ ժամանակ կա, և ես նույնիսկ չեմ կարող ասել, թե թատերաբեմում ինչ թեկնածուներ են լինելու: Այս պահին որևէ կանխատեսում չէի ցանկանա անել: Բայց կարող եմ ասել, որ հայ-իրանական հարաբերությունները շարունակելու են մնալ գործընկերային և բարեկամական:
-Վերջերս Թեհրանում կազմակերպվել էր «Հայաստան Էքսպո» ցուցահանդեսը, որը պետք է խթաներ հայ-իրանական բիզնես միջավայրերի մերձեցմանը: Ընթացքի մասին խոսել ենք, կուզեի հիմա անդրադառնալ արդյունքներին. կա՞ն համագործակցության ռեալ հնարավորություններ:
-Ցուցահանդեսին Հայաստանը հնարավորություն ունեցավ շուրջ 100 ընկերությունների միջոցով ներկայացնել իր տնտեսությունը: Ես կարծում եմ՝ այն կարևոր նշանակություն ունեցավ և արդյունավետ էր: Ցուցահանդեսն ունեցավ հազարավոր այցելուներ, եղան բազմաթիվ գործարար կոնտակտներ, առանձին ընկերություններ քննարկում են ապագա պայմանագրերի ստորագրման հնարավորությունները: Երևանում գտնվելու օրերին որոշ ընկերությունների հետ հանդիպել եմ, և ընդհանրապես դեսպանությունը մշտական կապի մեջ է ցուցահանդեսի մասնակցած ընկերությունների հետ: Մենք շարունակելու ենք հետևել այս գործընթացներին, աջակցելու ենք մեր գործարարների ծրագրերի իրականացմանը, իսկ այս ցուցահանդեսը միակը և վերջինը չի լինելու:










