Մոսուլն ԻՊ-ից ազատագրելու համար կպահանջվի 2 ամիս. իրաքցի գեներալ

14:19 • 19.10.16

Իրաքի կանոնավոր զորքերը քրդական զորամիավորումների աջակցությամբ մոտենում են երկրի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կարևորագույն հենակետը համարվող Մոսուլ քաղաքին՝ նպատակ ունենալով այն ազատագրել իսլամիստ ահաբեկիչներից:

 

Ինչպես հայտնում է The Guardian-ը, մարտերում ներգրավված իրաքցի գեներալ Սիրվան Բարզանին CNN-ի հետ զրույցում ասել է, որ Մոսուլն ԻՊ-ից ազատագրելու համար կպահանջվի 2 ամիս:

 

Նա մանրամասնել է, որ եղանակային անբարենպաստ պայմանները կհանգեցնեն ազատագրման գործընթացի երկարացմանը: Բարզանին նաև ասել է, որ Մոսուլ հասնելու համար զորքերից կպահանջվի 2 շաբաթ:

 

Գեներալի խոսքով՝ Մոսուլ հասնելուց հետո քրդական զորամիավորումներին թույլ չի տրվի քաղաք մտնել ու կռվել ԻՊ-ի անդամների դեմ. այդ առաջադրանքը տրված է Իրաքի կանոնավոր բանակին, դաշնային ոստիկանությանն ու շիա զինյալներին:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հոկտեմբերի 17-ին հայտարարել էր, որ Մոսուլ շրջանում սկսված ռազմական գործողության շրջանակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթակայության տակ գտնվող 11 գյուղ արդեն հաջողվել է ազատագրել:

 

Այս մասին Աբադին հայտնել էր Իրաքի պետական հեռուստաալիքի ուղիղ եթերում՝ հավելելով, որ երկրի իշխանություններն անվտանգ միջանքներ են բացել, որոնցով խաղաղ բնակիչները կկարողանան դուրս գալ Մոսուլից:

 

Ավելի վաղ քրդական հրամանատարությունը հաղորդել էր, որ քրդական զորամիավորումները (փեշմերգա) ու իրաքյան զորքերը լայնամասշտաբ գործողություն են սկսել Մոսուլի մոտ՝ նպատակ ունենալով մաքրել իրաքյան Նայնավա նահանգն ու դրա վարչական կենտրոն համարվող Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից:

 

Հիշեցնենք, որ Իրաքի 2-րդ խոշորագույն քաղաքը համարվող Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գրավվել է 2014թ.: Ըստ տարբեր տվյալների՝ այնտեղ կարող է գտնվել 3.000-4.500 գրոհային: