Նյու Յորքում ոստիկանը սպանել է իր վրա մահակով հարձակված մերկ կնոջը

12:20 • 19.10.16

Ամերիկյան Նյու Յորք քաղաքի Բրոնքս թաղամասում ոստիկանը սպանել է 66-ամյա կնոջ, որը հարձակվել է նրա վրա բեյսբոլի մահակով, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով քաղաքի իրավապահ մարմիններին:

 

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ի երեկոյան, այն տանը, որտեղ ապրել է մահացածը: 911 ծառայություն է զանգահարել հարևաններից մեկը և հայտնել, որ կինն իրեն ոչ ադեկվատ է պահում: Դեպքի վայր ժամանած իրավապահները բախվել են ձեռքին մկրատով մերկ կնոջ:

 

Նրանք համոզել են, որ նա վայր դնի սուր առարկան, բայց դրանից անմիջապես հետո նա վերցրել է բեյսբոլի մահակը և հարձակվել ոստիկանների վրա: Այդ ժամանակ ոստիկանը երկու անգամ կրակել է նրա վրա: Վիրավոր կինը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ ավելի ուշ մահացել է:

 

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Պարզվում է, թե ինչու է փորձառու աշխատակիցը, որն իրավապահ մարմիններում է աշխատում մոտ ութ տարի, օգտվել հրազենից, այլ ոչ իր մոտ եղած էլեկտրաշոկից: