Օբաման Թրամփին խորհուրդ է տվել «չնվնվալ»
Ընտրությունների կեղծման մասին Դոնալդ Թրամփի հայտարարությանն ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խորհուրդ է տվել նրան «դադարել նվնվալ և փորձել ստանալ ընտրողների ձայները»: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Վարկանիշի անկման ֆոնին ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Թրամփն ակտիվացրել է ընտրությունների կեղծման մասին հայտարարությունները՝ հայտարարելով, որ մամուլը մանիպուլյատիվ համակարգ է ստեղծել և թունավորում է ընտրողների գիտակցությունը:
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Օբամային հարցրել են ընտրությունների կեղծման հնարավորության մասին:
Օբաման ընդգծել է, որ չկա որևէ ապացույց ԱՄՆ-ում ընտրությունների ժամանակ մասշտաբային խախտումների վերաբերյալ, և դրանք գտնվում են տեղի պաշտոնյաների հսկողության տակ, որոնք կարող են լինել նաև հանրապետականներ: Նա նշել է, որ չկա որևէ «լուրջ մարդ», որը կառաջարկեր կեղծել ԱՄՆ-ում ընտրությունները:
«Եվ այդ պատճառով ես խորհուրդ եմ տալիս պարոն Թրամփին դադարել նվնվալ և փորձել իր գաղափարները հասցնել՝ ձայներ ստանալու համար»,- հավելել է Օբաման:










