Samsung-ը սկսել է օդանավակայաններում փոխել Galaxy Note 7-ը. ABC News
Հարավկորեական Samsung ընկերությունն առաջարկում է ինքնակամ փոխել Galaxy Note 7 սմարթֆոնները հենց օդանավակայաններում՝ թռիչքից առաջ: Այս մեխանիզմն աշխատում է արդեն Ավստրալիայում, Հարավային Կորեայում և ԱՄՆ-ում: Այդ մասին հայտնում է ABC News-ը:
«Samsung-ի սեղանիկները գտնվում են անցակետերի մոտ: Ուղևորները կարող են գնալ այնտեղ՝ իրենց հեռախոսները փոխելու և փոխհատուցում ստանալու համար»,- ասված է Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանի ղեկավարության հայտարարությունում:
Ընդ որում, ինչպես ընկերությունը հայտարարել է Business Insider-ին, Samsung-ը կոչ է անում Galaxy Note 7-ի բոլոր սեփականատերերին փոխել իրենց սարքը կամ ստանալ գումարի փոխհատուցում մինչև օդանավակայան ժամանելը: «Անվտանգությունը պետք է մնա մեր գլխավոր առաջնահերթությունը»,- նշել են Samsung Electronics-ում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին հայտարարվել է համաշխարհային շուկայից մոտ 2,5 միլիոն Galaxy Note 7 սմարթֆոն հետ կանչելու մասին այն բանից հետո, երբ հաղորդագրություններ հայտնվեցին լիցքավորման ընթացքում դրանց պայթելու մասին: Samsung-ը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է այդ սմարթֆոնների արտադրությունը և վաճառքը: Մի շարք համաշխարհային ավիափոխադրողներ, որոնց թվում Singapour Airlines-ը, Finnair-ը, Aeromexico-ն, Interjet-ը և Flydubai-ը, արգելել են ինքնաթիռի սրահ մտցնել Samsung Galaxy Note 7 հեռախոսը: Սարքերն ինքնաթիռ ներս բերելն արգելել են նաև ԱՄՆ-ի, Իսրայելի և Ճապոնիայի իշխանությունները:










