ԱՄՆ-ում ուսուցչուհին շուրջ 15 000 դոլար է հավաքել դպրոցի անապահով սաներին սուրբծննդյան նվերներ գնելու համար
Ամերիկյան նախակրթական դպրոցի ուսուցչուհիներից մեկը դրամահավաք է կազմակերպել, որպեսզի կարողանա Սուրբ ծննդյան տոնին անապահով ընտանիքների երեխաների համար մեկական հեծանիվ գնել:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, ներկա պահին ուսուցչուհուն հաջողվել է 14800 դոլար հավաքել: 37-ամյա Քեթի Բլումքվիսթը, ով դասավանդում է Հարավային Կարոլինայի Pepperhill Elementary նախակրթարանի առաջին դասարանցիներին, իմանալով, որ իր սաներից շատերը հեծանիվ չունեն, որոշել է յուրաքանչյուրին նման նվեր մատուցել:
Խնդիրն այն էր, որ անապահով երեխաները դպրոցում շատ էին, սաների 90 տոկոսը սոցիալական նպաստ էր ստանում: Մեծ ցանկության դեպքում անգամ ուսուցչուհին չէր կարողանա բոլոր 650 երեխաների համար հեծանիվ գնել:
Այդ պատճառով այս տարվա սեպտեմբերին դրամահավաք է սկսել GoFundMe կայքում: Նա մտադիր է մոտ 65 000 դոլար հավաքել մինչև Սուրբ Ծնունդ, որպեսզի կարողանա իրականացնել իր մտադրությունը:










