Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկը Վլադիկավկազից տեղափոխվել է Հայաստան

18:39 • 20.10.16

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժած Հայաստանի չորս քաղաքացիներից մեկն այսօր Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցից տեղափոխվել է Հայաստան։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:

Աչքի վնասվածքով տուժածին Հայաստանի սահմանին դիմավորած շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է Ս.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա: Կատարվում են համալիր հետազոտություններ։

Նշենք, որ վթարից տուժած ՀՀ մյուս քաղաքացիները շարունակում են ողջ ծավալով անհրաժեշտ բուժումը ստանալ Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցում։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում ՌԴ Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում վթարվել է Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը, ինչի հետևանքով զոհվել է 5, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել  27 մարդ։ Ավտոբուսում եղել է 52 ուղևոր։