ՄԱԿ-ը հույս է հայտնել, որ ուրբաթ կսկսի Հալեպից վիրավորների տարհանումը
ՄԱԿ-ը դեռ չի կարող սկսել Հալեպից վիրավորների տարհանումը՝ հակամարտության բոլոր կողմերի ներկայացուցիչների թույլտվության բացակայության պատճառով: Այդ մասին հայտնել է մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էգելանը, գրում է interfax.ru-ն:
Նա ճեպազրույցի ժամանակ հույս է հայտնել, որ այդ գործընթացը կարող է սկսվել ուրբաթ օրը:
«Մենք հույս ունենք, որ առաջին բժշկական տարհանումը կարող է սկսվել վաղը»,- ասել է նա լրագրողներին: «Հալեպի արևելյան հատվածից կարող են տարհանվել մի քանի հարյուր վիրավորներ»,- հավելել է նա:
Ընդ որում, Էգելանի խոսքով, այդ տարհանումը կարող է ընթանալ «առաջիկա չորս օրվա ընթացքում»:










