ԱԺ-ն երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական նոր օրենսգիրքը (տեսանյութ)

11:21 • 20.10.16

Ազգային ժողովը երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: Ընտրական նոր օրենսգիրքն ընդունվեց 103 կողմ, 4 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, որ երկրորդ ընթերցմանը ներկայացված փաստաթուղթն ընդգրկում է նաև իշխանություն-ընդդիմություն վերջին համաձայնությունը, որը վերաբերում է ընտրակեղծիքի մասին սուտ մատնության առթիվ քրեական պատասխանատվությանը, ըստ որի՝ անզգուշությամբ արված նման հայտարարությունների համար պատիժը կմեղմացվի կամ աշխատավարձի 200-պատիկից 800-պատիկի չափով գանձմամբ, կամ էլ 2 տարվա ազատազրկմամբ: 

Վարման կարգով ձայն խնդրեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, ով հայտարարեց, թե չնայած համաձայնությանը, իր համոզմամբ՝ նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու ձև է:

«Սա նույն մեխանիզմն է՝ բառիս բուն իմաստով, հայեցակարգային իմաստով կարող են տարբեր կերպ մեկնաբանել»,-ասաց նա:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե 15 տարի պայքարել են, որպեսզի ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակվեն:

«Ուստի ցանկանում եմ շնորհավորել ՀՀ-ում ժողովրդավարության այս կարևոր հաղթանակի համար»,-ասաց նա: