Հիջաբով հաղորդավարուհին զգուշացրել է մուսուլմանների դեմ «որսաշրջանի» մեկնարկի մասին
Բրիտանական Channel 4 ալիքի լրատվական ծրագրի հաղորդավարուհի Ֆաթիմա Մանջին զգուշացրել է մուսուլմանների դեմ «որսաշրջանի» սկզբի մասին, հաղորդում է The Guardian-ը:
Նշվում է, որ այսպիսով՝ հաղորդավարուհին արձագանքել է Մամուլի ստանդարտների անկախ կազմակերպության (IPSO) որոշմանը, որի համաձայն չեղարկվել է բրիտանական The Sun տաբլոիդի նախկին գլխավոր խմբագիր Քելվին Մաքքենզիի դեմ մեղադրանքը:
Կայքը գրում է, որ Մաքքենզին անպատշաճ է համարել Նիցցայի ահաբեկչական ակտին նվիրված հաղորդման մեջ հիջաբ կրող հաղորդավարուհու հայտնվելը և քննադատական սյունակ է հրապարակել The Sun-ում: Հոկտեմբերի 19-ին IPSO-ն հայտնել է, որ նա իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք ուներ:
Ֆաթիմա Մանջին երկյուղալի է համարել պրոֆեսիոնալ կազմակերպության որոշումը: Նրա կարծիքով` IPSO-ն ռասայական անհանդուրժողականություն է թույլ տալիս:
«Այն փաստը, որ Մաքքենզին կարող է գրել ու ենթադրել, որ ինձ դուր է գալիս ահաբեկչական ակտ իրականացրած մարդը, խոսում է այն մասին, որ ուրիշ մարդիկ էլ են պատրաստ հարձակումների»,- ասել է հաղորդավարուհին:










