Կարևոր է, որ Իսպանիայում հենց Մարբելա քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը․ հայ համայնքի ղեկավարի տեղակալ

19:57 • 20.10.16

 

Մեկ տարի համայնքի ղեկավարության  համագործակցային աշխատանքների շնորհիվ Իսպանիայի Մարբելա քաղաքը ընդունեց Հայոց ցեղասպանությունը․այս մասին Tert.am-ին պատմեց Իսպանիայի Մալագա նահանգի հայ համայնքի ղեկավարի տեղակալ Վասպուրական Բաղդասարյանը:

«Մենք աշխատել ենք Մարբելայի քաղաքապետարանի հետ, ցանկացել ենք Հայաստանի պատմության, ցեղասպանության հետ նրանց ծանոթացնել, և որպես այդ աշխատանքի արդյունք՝ քաղաքապետարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը: Դրան օժանդակեց նաև Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը՝  Ավետ Ադոնցի գլխավորությամբ»,- ասաց նա:

Նշենք, որ սեպտեմբերի 30-ին իսպանական Մարբելա քաղաքի ղեկավարությունը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը:

Վասպուրական Բաղդասարյանը պատմեց, որ իրենք Հայոց ցեղասպանության մասին իսպանական քաղաքի իշխանություններին պատմել են լուսանկարներով, տեսանյութերով։ «Նրանք սառել էին, չէին կարծում, որ կարելի է այդքան դաժան վարվել մեր հայ ազգի հետ: Իրենց համար անհասկանալի էր, թե ինչպես են արել»,- ասաց նա:

Վասպուրական Բաղդասարյանի խոսքով՝ Մարբելայի քաղաքային իշխանությունները հաճույքով և ջերմ ընդունեցին իրենց․ «Նրանք քրիստոնեությունը շատ գնահատում են,  իսկ մենք առաջին երկիրն ենք, որ ընդունել ենք քրիստոնեությունը՝ որպես  պետական կրոն»:

Վասպուրական Բաղդասարյանը նշեց, որ Մարբելայում և ընդհանրապես Իսպանիայում  մարդիկ տեղեկացված չեն Հայաստանից և Հայոց ցեղասպանությունից: «Իրենք կտրված են միջազգային պատմությունից: Դա փոխելու համար տեղի հայ համայնքը ամեն ինչ անում է: Հիմնականում միջոցառումներ կազմակերպում ենք երիտասարդների շրջանում, որ նման արդյունքներ ունենանք»,- ասաց նա՝ նշելով, որ կարևոր է, որ Իսպանիայում հենց Մարբելա քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, քանի որ այն զբոսաշրջային քաղաք է, շատերն են այնտեղ այցելում: