Թուրքական ԶՈՒ-ն լայնամասշտաբ գործողություն է իրականացրել Դերսիմում (տեսանյութ)

10:03 • 21.10.16

Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգում թուրքական ԶՈՒ-ն հատուկ գործողություն է իրականացրել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման անդամների դեմ: 



Անօդաչու սարքի միջոցով Թունջելի - Փյուլյումյուր ճանապարհին գտնվող Քութուդերե հովտում հայտնաբերվել է քուրդ զինյալների թաքստոց, ինչից հետո թուրքական ԶՈՒ-ի հատուկջոկատայինները լայնամասշտաբ գործողություն են սկսել Թունջելիի տարածքում: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: 


Գործողությանը մասնակցել է նաև Թուրքիայի օդուժը, որը բազմաթիվ հարվածներ է հասցրել Թունջելիում քուրդ զինյալների դիրքերին: 


Ըստ գործակալության հաղորդած տեղեկության` գործողության ընթացքում սպանվել է ՔԱԿ 14 գրոհային: 

 

ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:

Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։