Առաջին ամերիկացի զինվորականն է մահացել իրաքյան Մոսուլի վրա սկսված գրոհի ընթացքում
ԱՄՆ զինուժն առաջին կորուստն է կրել Հյուսիսային Իրաքում գտնվող Մոսուլ քաղաքի վրա սկսված գրոհի ընթացքում, հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով ամերիկյան զինվորականներին:
Լրատվամիջոցի տվյալներով՝ հոկտեմբերի 20-ին զինծառայողը պայթել է ճանապարհին տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքի վրա: Միջադեպը տեղի է ունեցել Մոսուլից հյուսիս գտնվող հատվածում:
ABC News-ը նշում է, որ սա առաջին զոհված ամերիկացի զինվորականն է Մոսուլի վրա գրոհի մեկնարկից ի վեր և չորրորդը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ ԱՄՆ-ի պայքարի մեջ մտնելուց ի վեր:
«Իսլամական պետության» գրոհայիններից Մոսուլի ազատագրման համար իրաքյան բանակի ցամաքային գործողությունը սկսվել է հոկտեմբերի 17-ին: Գրոհին մասնակցում է կառավարական զորքերի մոտ 30 հազար մարտիկ, ինչպես նաև քուրդ աշխարհազորայինները: Գործողությունն իրականացվում է ԻՊ-ի դեմ գործող ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիացիոն և ցամաքային աջակցությամբ:
Մոսուլը, որն ԻՊ-ի հսկողության տակ է 2014 թվականի հունիսից ի վեր, համարվում է Իրաքում ահաբեկչական խմբավորման հենարանը:










