Թրամփը Քլինթոնին խորհուրդ է տվել ապաշխարհել

12:10 • 21.10.16

ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփը հերթական բանավոր հարձակումն է գործել իր մրցակցի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի վրա՝ վերջինիս խորհուրդ տալով ապաշխարել:

 

«Կուզենայի, որ Հիլարին ապաշխարեր: Նա շատ կոռումպացված անձ է»,-ասել է էքսցենտրիկ միլիարդատերը Նյու Յորքում կայացած խոշոր միջոցառման ժամանակ:

 

Ինչպես նշում է ria.ru-ն, Քլինթոնը ևս ներկա է եղել տվյալ միջոցառմանը, սակայն դա չի խանգարել Թրամփին ազատ արտահայտել իր մտքերը:

 

Հանրապետականների թեկնածուն նաև հավելել է, որ վերջին հեռուստաբանավեճից առաջ Քլինթոնն իր հետ շատ բարեհամբույր է եղել ու խոստացել է նախագահ դառնալու դեպքում իրեն առաջարկել Իրաքում կամ Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը:

 

Նշվում է, որ ի տարբերություն Թրամփի՝ Քլինթոնն իր ելույթում շատ ավելի զուսպ ու լուրջ է եղել:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ամերիկյան CNN հեռուստաընկերության գնահատականի համաձայն՝ Հիլարի Քլինթոնը հաղթանակ է տարել նախագահական վերջին հեռուստաբանավեճում:

 

Նշվում է, որ CNN-ի հարցման արդյունքները ցույց են տվել, որ նախկին պետքարտուղարին հաղթող է անվանել հարցման մասնակիցների 52 տոկոսը:

 

Հանրապետական Դոնալդ Թրամփին իր ձայնն է տվել հարցման մասնակիցների 39 տոկոսը:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին: