Վահան Բադասյանը դեմ է կանանց ծառայությանը դիրքերում, բայց ոչ շտաբային ստորաբաժանումներում
Tert.am-ը կանանց զինվորական ծառայության անցման հնարավորությունների ընդլայնման մասին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարության շուրջ զրուցել է Լեռնային Ղարաբաղի ԱԺ նախկին պատգամավոր, ղարաբաղյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Վահան Բադասյանի հետ:
-Պարո՛ն Բադասյան, նախօրեին ԱԺ-ում կառավարության գործունեության ծրագիրը հաստատելու հարցի քննարկման ժամանակ արտահերթ ելույթում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խոսեց կամավորական սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցնելու հնարավորության ընդլայնման մասին: Դուք ինպե՞ս եք վերաբերում ծրագրային այս դրույթին:
-Նախ և առաջ պետք է հասկանալ, թե որտեղ են պատկերացնում իրականացնել կանանց զինվորական ծառայությունը: Եթե խոսքը գնում է դիրքերի մասին, ապա դա անթույլատրելի է: Սակայն, եթե դա վերաբերում է զինված ուժերում կանանց թվի ավելացմանը, որոնք ծառայությունը կիրականացնեն շտաբային ստորաբաժանումներում կամ կզբաղվեն բժշկական, խոհարարական գործունեությամբ, ապա դա բնական է:
-Գաղտնիք չէ, որ Հայաստանում կան ավանդական կարծրատիպեր հայ կնոջ կերպարի վերաբերյալ: Նման փոփոխությունները, ըստ Ձեզ, ինչ արձագանք կգտնեն հասարակական ընկալումներում:
-Հասարակությունը, իմ կարծիքով, վատ կնայի: Սա շատ նուրբ հարց է, որը կապված է ավանդույթների ու հայ կնոջ կերպարի հետ: Սակայն այստեղ ևս մեկ խնդիր կա: Եթե կանանց ընդգրկում են զինվորական ծառայությունում զինվորականների թվաքանակի անբավարարության պատճառով, ապա դա միայն խոսում է բավականին վտանգավոր իրականության մասին: Հուսանք առաջիկայում ՊՆ նախարարը կմանրամասնի, թե ինչ պայմաններում և որտեղ է պատկերացնում կանանց զինվորական ծառայությունը:










