CNN Türk-ն անդրադարձել է Շահան Շահնուրի վեպի թուրքերեն թարգմանությանը և մի քանի անգամ օգտագործել ցեղասպանություն բառը
Ամերիկյան CNN հեռուստաալիքի թուրքական ծառայությունն անդրադարձել է Շահան Շահնուրի հայտնի «Նահանջ առանց երգի» հայտնի վեպի թուրքերեն թարգմանության հրատարակմանն ու մանրամասնորեն ներկայացրել գրքում տեղ գտած սփյուռքահայ երիտասարդների ողբերգական ապրումներն ու կյանքի պատմությունները:
Թուրք լրագրող Սերդար Քորուջուն գրքի մասին իր հոդվածում մի քանի անգամ օգտագործել է ցեղասպանություն բառը:
«Պետրոսը մեկն էր այն հարյուր հազարավոր հայերից, որոնք վտարվեցին իրենց հողից ցեղասպանության հետևանքով: Իր իսկ խոսքով՝ հաղթած թուրքի աքացին կերավ, ինքն իրեն Ֆրանսիայում գտավ: Անունը փոխվեց այս նոր օտար երկրում: Դարձավ Պիեռ: Որքան էլ որ բոլորն իմանային իր հայ լինելը...», - գրում է Քորուջուն գրքի մասին:
Հոդվածում տեղ են գտել նաև գրքի թուրքերեն թարգմանությունից տարբեր ուշագրավ մեջբերումներ.
«Խելքները կորցրած այդ հայ երեխաները, որոնց ձեռքից խլված էր իրենց ծննդավայրը, ընտանիքները և ապագան, այդ օրերին միմյանցից կառչեցին, մինչև որ ժամանակն անցներ ու կարողանային քայլ անել...
...Վերջին գինը...Երեխաներ կային, որ դեռ մեծանալու էին, մեզանից հետո եկող սերունդներ կային: Նրանք, անկախ իրենց ասած խոսքից կամ արած գործից, ուզած թե չուզած, գիտակցաբար կամ անգիտակցաբար, օտար են լինելու: Մեղա-մեղա Արարատին»:
Հիշեցնենք, որ «Նահանջ առանց երգի» ստեղծագործությունը թուրքերեն է թարգմանվել և հրատարակվել Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչության կողմից:
Վեպը Սփյուռքի արմատախիլ հայության պատմությունն է, Փարիզ ընկած «Արևելքցի տղոց»` պոլսահայ երիտասարդների ողբերգական կյանքի պատմությունը։
«Արաս» հրատարակչությունը հիմնադրվել է Ստամբուլում 1993թ.-ին: Հրատարակչությունը կարճ ժամանակում կարողացել է շատերի համար դառնալ «պատուհան» դեպի հայկական գրականություն, քանի որ զբաղվում է հայ դասականների, հայոց պատմության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքերի թուրքերեն թարգմանությամբ՝ հասանելի դարձնելով այն թուրքական հասարակության բոլոր խավերին:
Հրատարակչությունն ունի նաև արևմտահայերենով հրատարակված գրքեր:










