Վերաքննիչ դատարանը չի դիտարկել $1 մլն գրավը և մերժել Կարո Եղնուկյանի կալանքի ժամկետի երկարացման դեմ բողոքը

21:34 • 24.10.16

Վերաքննիչ դատարանը մերժել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի կալանքի ժամկետի երկարացման ու գրավի չկիրառման դեմ բողոքները` ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը: 
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

«Դատարանը մերժեց Եղնուկյանի բողոքը։ Դատարանը սահմանված աննախադեպ չափով՝ 1 մլն դոլար գրավին չանդրադարձավ, որովհետև հիմնավորում չունի այն մերժելու։ Դատարանն ասում է, որ Եղնուկյանը կարող խոչընդոտել նախաքննությանը,կարող է թաքնվել կամ և այլն։ Դրա համար կա գրավի ինստիտուտ, սակայն դատարանը դրան չի անդրադառնում»,-ասաց փաստաբանը։

Հարցին, թե 14 օր տևած հացադուլից հետո ինչպես է Կարո Եղնուկյանի առողջական վիճակը, փաստաբանն ասաց, որ հետզհետե վերականգնվում է։

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ և 219-րդ հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար: