Հայհոյել ու բռնություն է գործադրել Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ. կասկածյալը ձերբակալվել է

13:58 • 25.10.16

 

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ, մեկ անձ ձերբակալվել է. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 24-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքում 44-ամյա բնակիչը ՀՀ ԿԱ առընթեր ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի մոտ հայհոյել է ոստիկանության համազգեստով ծառայության մեջ գտնվող Ոստիկանության երեք աշխատակիցներին: Տղամարդը, չենթարկվելով հայհոյանքները դադարեցնելու վերաբերյալ Ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, քաշքշել է նրանց հագուստներից, ոտքով դիտավորությամբ հարվածներ հասցրել:

Դեպքի առթիվ հոկտեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և նույն օրը 44-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Քննությամբ պարզվել է, որ տղամարդը 2000 թվականից հաշվառված է «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲ ընկերությունում` «էմոցիոնալ անկայունության խանգարում` իմպուլսիվ տիպ» ախտորոշմամբ:

Նախաքննությունը շարունակվում է։