Բացի դեկլարատիվ բնույթի հայտարարություններ հնչեցնելը, եռանախագահները լուրջ անելիքներ ունեն. Խաչատուր Քոքոբելյան
Եթե ադրբեջանական կողմը ԼՂՀ ինքնորոշման խնդիրը համարում է ընդունելի, դա առաջընթաց է. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի դիրքորոշմանը, թե ողջունում է Ալիևի՝ ԼՂ կարգավիճակի վերաբերյալ հայտարարությունը:
Խաչատուր Քոքոբելյանի համոզմամբ՝ ուշ թե շուտ ադրբեջանական կողմն ուղղակի ստիպված կլինի հաշվի նստել այն փաստի հետ, որ ԼՂՀ-ն անկախ պետություն է:
«Իմ կարծիքով՝ դա առաջընթաց է, և ուշ թե շուտ ադրբեջանական կողմը հաշվի կնստի, որ ԼՂՀ-ն ինքնաբավ է և անկախ՝ իր բոլոր գործառույթներով, նաև պետական ինստիտուտներով ավելի կայացած է, քան Ադրբեջանն ինքը»,-ասաց նա:
Նշենք, որ ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում Ուորլիքը նշել էր, թե այդ հայտարարությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկում է բացել ԼՂ կարգավիճակի վերաբերյալ. «Սա մի բան է, որ բոլորս պետք է ողջունենք: Մենք պետք է անկեղծ քննարկում ծավալենք այս հարցի վերաբերյալ: Դիրքորոշումները կարող են նույնական չլինել, բայց կարևոր է, որ հասարակությանը ներկայացվեն: Մենք ողջունում ենք նախագահ Ալիևի հայտարարությունը»,-Երևանում այսօր ասել է Ուորլիքը:
Պատգամավորի խոսքով՝ սրան զուգահեռ Ադրբեջանը շարունակում է դրսևորել իր ապակառուցողական մոտեցումները՝ նույնիսկ ստանդարտ հայտարարությունը խեղաթյուրելով:
«Ընդհանրապես, բանակցային գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները առանձին-առանձին քննարկման ենթակա չեն, սա համալիր գործընթաց է, նկատի ունեմ սեղանին այսօրվա փաստացի այն կետերն ու դրույթները: Այն բոլոր գործիչները և կարևորագույն դերակատարները, որոնք շահագրգիռ են ԼՂ հարցի լուծմամբ, պետք է զերծ մնան մեկնաբանելուց առանձին դրույթները»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք կարգավորման խնդրում որևէ տեղաշարժ նկատելի՞ է, Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց, թե, իհարկե, չի կարելի դժգոհություն չհայտնել նկատելի թերացումների մասով:
«Եթե եռանախագահները ադեկվատ պատասխան տային Ալիևի հռետորաբանությանը՝ կապված պատերազմի վերսկսման, այդ թվում նաև քառօրյա պատերազմի հետ, եթե լիներ համարժեք և ադեկվատ գնահատական, ապա ադրբեջանական կողմը, մասնավորապես Ալիևը, չէր համարձակվի այդ հռետորաբանությանբ շարունակել: Իհարկե, կողմերը փորձում են բացատրել, թե զգուշության անհրաժեշտություն կա՝ չվնասելու գործընթացը, բայց գործընթացին վնաս չհասցնելու համար պետք է լինեն ճշգրիտ և համարժեք գնահատականներ»,- ասաց նա:
Պատգամավորը հատկապես շեշտեց մշտադիտարկման սարքերի տեղակայման հարցի ուշացումը:
«Ես դա համարում եմ ոչ բարենպաստ, որովհետև այդ սարքերի տեղադրման անհրաժեշտությունը կա, և դա եռանախագահների եթե ոչ ճնշմամբ, ապա գոնե ջանքերով պետք է տեղի ունենա։ Դա կկանխի շատ հարցեր, ակնհայտ կլինի, թե ով է խախտում սահմանը, ում շնորհիվ են տեղի ունենում նման սադրանքները: Բազմիցս հայկական կողմն իր համաձայնությունն է տվել, և հասկանալի է, թե ինչու է ադրբեջանական կողմը դեմ: Նմանատիպ դետալներ կան և եռանախագահները լուրջ անելիքներ ունեն՝ բացի դեկլարատիվ բնույթի հայտարարություններ հնչեցնելը, որպեսզի սայլը տեղից շարժվի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է բուն եռանախագահների խմբին, ապա, ըստ Քոքոբելյանի, իրենք միշտ էլ կարծել են, որ ավելի լավ ձևաչափ գոյություն չունի: «Պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ ձևաչափը պահպանվի, որն էլ պարտավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի պատերազմի վտանգը չեզոքացնի»,-ասաց նա:










