Արմեն Իսրայելյանին առևանգելու և շորթման գործը ՀՔԾ-ն վերջերս կարճել է՝ հանցակազմի բացակայության պատճառով

13:29 • 25.10.16

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալքեսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանին առևանգելու, շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի վարույթը կարճվել է: Այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ մի քանի դրվագներով: Մասնավորապես, ընթացիկ տարվա հունիսին քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով՝ մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով, ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ շորթում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից և ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը 2002 թվականից աշխատել էր պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում: Վերջերս, Արմեն Իսրայելյանը հայտարարություն էր արել, որ Սամվել Ալեքսանյանն իրեն ունեզրկել է, այնուհետև հերքել էր իր հայտարարությունը;

Նշենք, որ հոկտեմբերի 23-ին ՌԴ Նոր Մոսկվայի շրջանում գտնվող վարձակալված բնակարանում Հայաստանի երկու քաղաքացու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքներով, որոնցից մեկը Ձկնկուլ (կամ Ձուկ) մականունով հայտնի Արմեն Իսրայելյանն էր:

ՌԴ Քննչական հանձնաժողովի տարածքային վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել 105-րդ հոդվածի 2-րդ մասով («երկու և ավելի մարդկանց սպանություն»), որի համար առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է կամ մահապատիժը: