Իրաքցի ուժայինները Մոսուլում ԻՊ-ից 800 ք/կմ տարածք են ազատագրել. Պենտագոն

09:56 • 25.10.16

Իրաքի անվտանգության ուժերը Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից ի վեր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից հետ են վերցրել մոտ 800ք/կմ տարածք, ինչի մասին հայտարարվել է Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ:

 

Ըստ ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության գնահատականի` գործողությունն ունեցել է լավ մեկնարկ ու առաջ է ընթանում ավելի վաղ մշակված ծրագրի համաձայն:

 

Ինչպես նշում է ria.ru-ն, ամերիկյան մի շարք պաշտոնատար դեմքեր, ցանկանալով պահպանել անձի գաղտնիությունը, լրագրողների հետ զրույցում ասել են, որ որքան զինվորականներն ավելի մոտենան Մոսուլին, մարտերը, ըստ այդմ, ավելի կթեժանան:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ Իրաքի կառավարական բանակը քրդական զորամիավորումների ու ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աջակցությամբ հոկտեմբերի 17-ից սկսել է Մոսուլի ազատագրման գործողությունը:

 

Նշվում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը քաղաքը գրավել էր 2014թ.: