Քիմ Քարդաշյանը հետ է կանչել կողոպուտի պատմությունը կեղծելու համար իրեն մեղադրած կայքի դեմ հայցը
Իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը հետ է կանչել ինտերնետային պարբերականի դեմ հայցը, որը պնդել էր, թե նա հորինել է Փարիզում իր կողոպուտի մասին պատմությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հայտնել է աստղի փաստաբանը, կողմերը համաձայնություն են կնքել: MediaTakeOut կայքը, որը պնդում էր, թե Քարդաշյանը հորինել է պատմությունը 5,6 միլիոն դոլարի ապահովագրություն ստանալու համար, հերքում է հրապարակել:
Քիմ Քարդաշյանը հայց էր ներկայացրել MediaTakeOut-ի դեմ անցած շաբաթ: Հայցում նշվում է, որ ինտերնետային պարբերականը հոկտեմբերի սկզբին մի շարք հոդվածներ է հրապարակել, որոնցում Քարդաշյանը ներկայացված է որպես ստախոս:
Հոկտեմբերի սկզբին հաղորդվել էր, որ անհայտ անձինք ներխուժել են Քարդաշյանի հյուրանոցային համարն ու, զենքով սպառնալով, հափշտակել ընդհանուր մոտ 10 միլիոն դոլար արժողությամբ թանկարժեք իրեր:










