Տնօրենը կոպիտ է. Այգեստան գյուղի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել

17:00 • 26.10.16

Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել. պատճառը տնօրենի վարքագիծն է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Այգեստանի համայնքապետ Սոկրատ Հովսեփյանը:

«Երեխեքն ասում են, որ տնօրենը կոպիտ է, ուրիշ ոչ մի բան։Փոխմարզպետը եկել է, հարցը կարգավորվել է։ Վաղվանից երեխաները դասի կգնան»,-ասաց Հովսեփյանը:

Հարցին, թե քանի աշակերտ կա դպրոցում և հատկապես որ դասարանի աշակերտներն են բողոքում դպրոցի տնօրենի դեմ, Սոկրատ Հովսեփյանը պատասխանեց, որ դպրոցում 311 աշակերտ կա, իսկ դասադուլ հայտարարել են 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանի աշակերտները. «Բարձր դասարանների աշակերտներն են բողոքում Լեյլի Մանուկյանի դեմ, ով դպրոցի տնօրենն է արդեն 1,5 տարի»:

Մարզպետարանից Tert.am-ին հայտնեցին, որ Կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը զբաղվում է այդ հարցով: