«Եթե կարիքը լինի, հնարավոր ա, որ փակված գիրքը, ծալված էջը բացվի». Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն վերադարձի մասին (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր մասնակցել է «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին և քաղաքականություն վերադառնալու առթիվ լրագրողների հարցին ի պատասխան ասել է, թե ինչ ինքն իր քաղաքական գործունեության մասին ասել է 2015-ին դեռևս, այսինքն՝ երբ հեռացավ քաղաքականությունից, մինչ օրս ոչնիչ չի փոխվել: «Եթե անհրաժեշտություն լինի, կարկառուն քաղաքական գործիչները չեն կարում անեն, թեկուզ դրա կարիքը ես չունեմ, քանի որ ունեմ հարգանք, անուն, եթե անհրաժեշտությունը լինի, կարիքը լինի, հնարավոր ա, որ փակված գիրքը, ծալված էջը բացվի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։
ԲՀԿ արդեն նախկին առաջնորդը հիշեցրեց, որ ինքը 2015թ. գարնանը հեռացել է քաղաքականությունից, քանի որ չէր ուզում, որ արյուն թափվեր:
Հարցին՝ արդյոք չի՞ պատրաստվում հաշվեհարդար տեսնել քաղաքական այն գործիչների հետ, ովքեր իրեն «չարիք» և այլ որակումներ տվեցին, Ծառուկյանը պատասխանեց. «Ուզում եմ բոլորին տեղեկացնել՝ ինչքան մարդը բարի ա, կամեցող ա, այնքան ներող ա: Ծառուկյանը ներող ա ու բարի ա, նենգ չի: Բոլորին ներում եմ»:
Կարեն Կարապետյանի կառավարության մասին հարցին ի պատասխան՝ Ծառուկյանն ասաց, որ դեռևս 2009 թ-ի իր հարցազրույցներից մեկում նշել է, որ տնտեսական նման պայմաններում պետք է հնարավորինս թեթևացնել հարկային բեռը ՓՄՁ-ների համար: Նա անդրադարձավ նաև գյուղատնտեսության ոլորտին՝ նշելով, որ գործունեության սկզբնական շրջանում գյուղատնտեսական ընկերությունները, գյուղատնտեսները չպետք է հարկվեն:










