Էստոնիայում 800 բրիտանացի զինծառայող կտեղակայվի

11:58 • 26.10.16

Մեծ Բրիտանիան Էստոնիա կուղարկի ծանր զինտեխնիկայով գումարտակ: Այդ մասին հայտնում է The Financial Times-ը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնին:

 

Նրա խոսքով՝ գումարտակի կազմում կլինի 800 զինծառայող, նրանց ենթակայության տակ կլինեն տանկեր, հրետանու մարտական մեքենաներ և անօդաչու թռչող սարքեր:

 

Գումարտակը կտեղակայվի 2017 թվականի գարնանը: Էստոնիայում բրիտանացիները կմիանան Ֆրանսիայից և Դանիայից ուժերին:

«Այդ ստորաբաժանումը կլինի իր բնույթով պաշտպանական, բայց այն կլինի ամբողջովին մարտունակ»,- ընդգծել է Ֆելոնը:

 

Ավելի վաղ ՆԱՏՕ-ն հաստատել է Լեհաստանում և բալթյան 3 երկրներում չորս երկրների կոնտինգենտների տեղակայման ծրագիրը: Նշվում է, որ այդ քայլերն իրականացվում են տարածաշրջանում Ռուսաստանի «մտավախություններ առաջացնող» գործողությունների արձագանքման ռազմավարության շրջանակում: