ՀՀ-ում ոսկեգործության և ադամանդագործության զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Հոկտեմբերի 26-28-ը Երևանում «Մերիդիան» ոսկերչական հատուկ տնտեսական գոտու տարածքում տեղի ունեցավ Ոսկեգործների համաշխարհային համադաշնության (CIBJO) հերթական համագումարի բացումը:
Համաժողովին մասնակցում են 84 պատվիրակներ 25 երկրներից: Համաժողովի բացմանը ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ով նշեց, որ կարևորում են այս համաժողովի անցկացումը Հայաստանում:
«Հայ ոսկերիչների ստեղծած գործերը, գործունեությունը տարբեր երկրներում ոլորտին բերել է զարգացում: Այսօր Հայաստանում ոսկեգործության և ադամանդագործության զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում. մենք այդ ճյուղը հայտարարել ենք երկրի տնտեսության գերակա, ռազմավարական ուղղություններից մեկը»,-ասաց նա և շեշտեց, որ մի քանի տարի է, ինչ Հայաստանում նշվում է Ոսկերիչների օրը:
ՀՀ Նախագահը, անդրադառնալով «Մերիդիանին», ասաց, որ պետությունը շարունակելու է քաջալերել գոտու գործունեությունը:










