Մերձմոսկովյան շրջանում ԱՊՀ-ի 14 քաղաքացի է ձերբակալվել՝ մարդկանց առևանգումների և կողոպուտի կասկածանքով
ՌԴ ոստիկանությունը Մերձմոսկովյան շրջանում ձերբակալել է ԱՊՀ-ի 14 քաղաքացու, այդ թվում՝ այդ հանցավոր խմբի առաջնորդին՝ կողոպուտի նպատակով հարձակումների, մարդկանց առևանգումների և գումար շորթելու կասկածանքով: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայության ղեկավար Տատյանա Պետրովան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ԱՊՀ երկրների 26-ից 46 տարեկան 14 քաղաքացու, որոնցից մի քանիսն ավելի վաղ դատապարտվել են ծանր և առավել ծանր հանցագործությունների իրականացման համար»,- ասել է Պետրովան:
Իրավապահները պարզել են, որ չորս ձերբակալվածները 2016 թվականի հուլիսին առևանգել են Մերձմոսկովյան շրջանի 27-ամյա բնակչի և նրա ազատ արձակման համար 40 միլիոն ռուբլի պահանջել: Ապացուցվել է նաև ձերբակալվածների ներգրավվածությունը Նարո-Ֆոմինսկի և Օդինցովսկի շրջաններում իրականացված կողոպուտներին:










