Եթե իշխանության մեջ փոփոխություններ են կատարվում, դրանք չեն կարող չազդել կուսակցության վրա. Նիկոյանը ՀՀԿ ղեկավար կազմի փոփոխությունների մասին
ՀՀԿ գործադիր մարմնի կազմում տեղի ունեցող առաջիկա փոփոխություններից պետք չէ զարմանալ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով հայտարարություններին, որ ՀՀԿ առաջիկա համագումարում սպասվում են նաև գործադիր մարմնի կազմի փոփոխություններ:
Դիտարկմանը, թե որն է պատճառը, որ իշխանությունները լայնամասշտաբ փոփոխությունների մասին են ազդարարում ոչ միայն երկրում, կառավարությունում, այլև՝ կուսակցությունում, Սամվել Նիկոյանը հիշեցրեց նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հայտնի ելույթը՝ հորդորելով կատարվածը և առաջիկայում կատարվելիքը դիտարկել այդ շրջանակներում:
«Այդ ելույթում հիմնական թիրախավորումը իշխանությունն էր, իշխանության մեջ գտնվող անձինք, իշխանության մեջ գտնվող պատասխանատուները, նրանց վարքագիծը, իսկ պահանջը՝ նոր որակի իշխանավորն էր: Դրանից հետո, իհարկե ապրիլյան պատերազմը, հուլիսյան իրադարձությունները որոշակի շեշտադրում փոխեցին, բայց այն ինչ կատարվում է նախանշված էր, ծրագրված էր դեռևս փետրվարյան ելույթով»,- նշեց Նիկոյանը:
Նիկոյանը շեշտեց, որ եթե իշխանության մեջ կատարվում են փոփոխություններ, ապա դա չի կարող չազդել կուսակցության վրա, չարտացոլվել կուսակցության ներսում: «Մեր կուսակցությունը միշտ էլ գտնվել է փոփոխությունների, դինամիկայի մեջ՝ ի տարբերություն այլ կուսակցությունների, որոնց ղեկավար մարմինը 25 տարի շարունակ նույնն է, ղեկավար կազմը նույնն է»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ի ղեկավարն էլ, ինչպես հայտարարեց խոսնակ Էդուարդ Շարմազանովը, չի փոխվելու, ապա Սամվել Նիկոյանը հիշեցրեց, որ Հանրապետականը ունեցել է տարբեր ղեկավարներ, տարբեր ժամանակներում, իսկ ղեկավար կազմը, գործադիր մարմինը մշտապես փոխվել են:
Հարցին՝ գործադիր մարմինը ընդլայնվելո՞ւ է, կրճատվելո՞ւ, թե պարզապես անձային փոփոխություններ են լինելու, պատգամավորը պատասխանեց, թե դա գործադիր մարմնի որոշման խնդիրն է և երբ այդ թեմայով քննարկումներ կլինեն, կհրապարակայնացվի:
Ինչ վերաբերում է տեսակետներին, որ փոփոխությունները կատարվում են ընտրություններից առաջ «դեմքը փրկելու» համար, քանի որ հասկացել են, որ հանրությունը չի վստահում իրենց ու ձայն չի տա, Նիկոյանը չհամաձայնեց. «Երբ իշխանությունն ուզում է անել այն, ինչ հանրությունը ասում են, թե քայլեր են կատարվում դեպի ընտրություն: Եթե խնդիր է դրված անելու այն, ինչ հանրությունը ակնկալում է, դա նորմալ երևույթ է: Խնդիրը մեկն է՝ ընդառաջ գնալ հանրային պահանջներին ու եթե այդ ընթացքում դրական մոտեցում ցուցաբերվի իշխանություններին, շատ ավելի լավ»:










