«Խի պետք ա ինձ հետ կապվի՞ որ». Սամվել Ալեքսանյանն իրեն ուղղված սպանության մեղադրանքների մասին
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ԱԺ նիստերից մի քանի օր բացակայությունից հետո այսօր Ազգային ժողով էր եկել:
Tert.am-ի հարցին ի պատասխան, թե ինչպես կմեկնաբանի իր հասցեին ուղղված մեղադրանքները, թե ուղղակի կապ ունի Ձկնկուլ մականվամբ Արմեն Իսրայելյանի սպանության հետ, պատգամավորը պատասխանեց. «Ի՞նչ մեղադրանքներ, խի պետք ա ինձ հետ կապվի՞ որ: Նիկոլը երբա ճիշտ բան ասել, որ հիմա ասի»:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ այս սպանությամբ իր «գլխին սարքում են», նշեց. «Այ ցավդ տանեմ, հավես չունեմ»:
Ալեքսանյանը պնդեց, թե Արմեն Իսրայելյան անունով գործընկեր չի ունեցել:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Արմեն Իսրայելյանի սպանության հետքերը բերում են Ազգային ժողով: Նշենք, որ Իսրայելյանն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ, թե Սամվել Ալեքսանյանը սպառնում է իրեն:










