Թրամփը հստակեցրել է Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումը
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հստակեցրել է իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ: Միլիարդատերն իրեն չի համարում Մոսկվայի ո՛չ բարեկամը, ո՛չ թշնամին, գրում է Reuters գործակալությունը:
«Ես կցանկանայի հուսալ, որ Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ լավ հարաբերություններ կհաստատվեն: Ես ինձ չեմ դասում ռուսների ո՛չ բարեկամների, ո՛չ թշնամիների շարքին»,- հայտարարել է Թրամփը գործակալությանը տված հարցազրույցում:
Քաղաքական գործիչը, միևնույն ժամանակ, քննադատել է մրցապայքարում իր հակառակորդին՝ Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլարի Քլինթոնին, հակառուսական դիրքորոշման համար:
«Նա միշտ Պուտինին վատ լույսի ներքո է ցույց տալիս: Եթե նա հաղթի, ապա ինչպե՞ս է պատրաստվում հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Նախ Պուտինը կհրաժարվի նրա հետ բանակցություններ վարել, երկրորդ՝ չեմ կարծում, թե նա Քլինթոնին հարգում է»,- նշել է հանրապետականը:










