Անկարան ակնկալում է, որ «Թուրքական հոսքի» կառուցման աշխատանքները կսկսվեն 2017թ. սկզբին. թուրք նախարար

16:19 • 26.10.16

Անկարան ակնկալում է, որ «Թուրքական հոսք» գազամուղի անցկացման աշխատանքները կսկսվեն 2017 թվականի առաջին ամիսներին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

««Թուրքական հոսք»-ը կարևոր նախագիծ է մեր էներգետիկ քաղաքականության համար: 2019 թվականին ՌԴ-ի և Ուկրաինայի միջև պայմանագիրն ավարտվում է (գազի տարանցման մասին-Խմբ.), և Ռուսաստանը նոր նախագիծ է սկսել: Գազի մատակարարումների դիվերսիֆիկացման տեսանկյունից՝ նախագիծը դրական ազդեցություն կթողնի մեր էներգետիկ քաղաքականության վրա: Ակնկալում ենք, որ գազամուղի կառուցումը կսկսվի 2017 թվականի սկզբին»,- հայտարարել է Ալբայրաքն Anadolu գործակալությանը տված հարցազրույցում:

 

Ռուսաստանը և Թուրքիան հոկտեմբերի 10-ին «Թուրքական հոսք» նախագծի վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր են ստորագրել: Համաձայնագիրը նախատեսում է Սև ծովի հատակով 15,75 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ գազամուղի երկու ճյուղի կառուցում: Միջկառավարական համաձայնագրում գազամուղի կառուցման վերջնաժամկետը 2019 թվականի դեկտեմբերն է: