«Վնուկովո» օդանավակայանում թռիչքից առաջ բռնկվել է Մոսկվա-Երևան ինքնաթիռի շարժիչը
Լույս հոկտեմբերի 26-ին Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում Մոսկվա-Երևան ուղևորատար ինքնաթիռի մեկնման ժամանակ բռնկվել է օդանավի շարժիչը: Այդ մասին հայտնում է «Վեչերնյայա Մոսկվա» ինտերնետային պորտալը:
Դեպքի հետևանքով վիրավորներ չկան:
«Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում թռիչքից առաջ բռնկվել է շարժիչը: Բռնկումը մարել է ներդրված հրշեջ համակարգը»,- հայտնել են «Վնուկովո» օդանավակայանի մամուլի ծառայությունից:
Մամուլի ծառայության աշխատակիցը հայտնել է նաև, որ «ՅուՏԷյր» ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռը հանվել է չվերթից, իսկ ուղևորներին տեղափոխել են մեկ այլ ինքնաթիռ:
«ՅուՏԷյր» ավիաընկերության մամուլի ծառայությունում պարզաբանել են, որ թռիչքից առաջ օդանավի բոլոր համակարգերի վերջնական ստուգման ժամանակ հայտնաբերվել է տեխնիկական անսարքություն: Շարժիչը չի աշխատել: Այժմ իրականացվում է հետաքննություն:
«Չվերթի իրականացման համար ավիաընկերությունն օպերատիվ կերպով տրամադրել է պահուստային օդանավ: Չվերթի ուշացումը կազմել է 2 ժամ 35 րոպե»,- նշել են մամուլի ծառայությունում՝ հավելելով, որ ընկերությունը ներողություն է հայցում ստեղծված իրավիճակի համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ինքնաթիռներից մեկում կրակ է բռնկվել:










