Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հրաժարվում է սատարել ԱՄՆ նախագահի թեկնածուներից որևէ մեկին

11:51 • 27.10.16

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հրաժարվել է սատարել ԱՄՆ նախագահական ընտրություններում թեկնածուներից որևէ մեկին: Այդ մասին ասված է 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների վերաբերյալ կազմակերպության տարածած հայտարարությունում:


«Յուրաքանչյուր չորս տարին մեկ, որպես նախընտրական ռազմավարության մաս, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ուշադիր ուսումնասիրում է նախագահի թեկնածուների անցած ուղին և ընթացիկ նախընտրական արշավը՝ ամերիկահայ համայնքի համար հատուկ մտահոգություն առաջացնող հարցերի բերումով։ Ամերիկահայերի խնդիրներին առնչվող իրենց քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից և թեկնածուների նախկին ձեռքբերումներն ու դիրքորոշումներն ուսումնասիրելուց հետո Հայ դատի հանձնախումբը եզրակացության է եկել, որ ո՛չ Հիլարի Քլինթոն-Թիմ Քեյն, ո՛չ Դոնալդ Թրամփ- Մայք Փենս թեկնածուները չեն վաստակել կազմակերպության սատարումը»,- ասված է հայտարարությունում:

Կազմակերպությունը կոչ է արել ամերիկահայ ընտրողներին մասնակցել ընտրություններին և ներգրավվել ընտրական գործընթացի մյուս բոլոր բաղադրիչներում՝ մասնավորապես ակտիվորեն աջակցելով կազմակերպության սատարած թեկնածուներին դաշնային, նահանգային և տեղական մակարդակներում:

 

Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին։ Նախագահի պաշտոնի համար մրցում են դեմոկրատ Հիլարի Քլինթոնն ու հանրապետական Դոնալդ Թրամփը։