Առաջին պահին մտածեցինք, թե հումոր են անում, մի քանի րոպե հետո եղավ այն, ինչի մասին գիտեք. Գ. Սահակյանը «Հոկտեմբերի 27-ի» մասին (տեսանյութ)
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր «Հոկտեմբերի 27-ի» ողբերգության 17-րդ տարելիցի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում հիշելով 17 տարի առաջ այսօրը տեղի ունեցած ոճրագործությունը, նշեց, թե առաջին պահին բոլոր պատգամավորներն էլ կարծում էին, թե հումոր է:
«Հետաքրքիրն այն էր, որ ամբողջ դահլիճն առաջին պահին մտածեց, որ հումոր են անում, այդպես էր, մի քանի րոպե եղավ այն, ինչի մասին գիտեք»,- ասաց նա:
Ըստ ԱԺ նախագահի՝ ողբերգությունը հայոց պետության ու ազգի համար դաժան հարված էր: Իսկ թե ինչու չբացահայտվեց, Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե նրանք, ովքեր մասնակցեցին, բոլորն էլ կալանավորված են և կրում են իրենց պատիժը:
«Մտածում եմ, իմ պատկերացումներով, որ ինչ-որ տեղից որոշակիորեն կարողացել են ինչ-որ բան կազմակերպել»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե այսինքն՝ դրսից են ոճրագործներն աջակցություն ունեցել, ԱԺ նախագահը նշեց. «Բնականաբար, չեմ կարծում, որ հայերի միջից նման բան հնարավոր է անել»:
Նշենք, որ 17 տարի առաջ՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ոճրագործության զոհ դարձան ՀՀ ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, պատգամավոր Արմենակ Արմենակյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը։ 











