Վարչապետը հանձնարարեց Գյուղտեխնիկայի պետական տեսչությունը լուծարելու մասին փաթեթ ներկայացնել

10:38 • 27.10.16

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց մեկ շաբաթյա ժամկետում ներկայացնել նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը լուծարելու մասին փաթեթ:

Չնայած վարչապետն ասաց, որ լուծարումը մեկնաբանելու կարիք չկա, սակայն գյուղատնտեսության նախարարը հարցրեց, թե լուծարումից հետո որ կառույցին է տրվելու այդ տեսչությունը. «Ես տեղյակ չեմ, առաջին անգամ եմ լսում, դրա համար եմ հարցնում»:

Հարցին պատասխանեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով ասաց, որ մի շարք տեսչություններում ուսումնասիրություններ են արվել, և այն տեսչությունները, որոնք պետությանն օգուտ չեն տալիս, լուծարվում են, դրանց թվում է նաև գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը։

«Տեսչության պետհամարանիշների վերաբերյալ գործառույթը տրվում է Ոստիկանությանը, իսկ մյուս մասով տեսչությունը լուծարվում է»,-ասաց նա։