Գյուղացիների 500 մլն դրամ պարտքը խաղող մթերող ընկերությունները կամաց-կամաց վճարում են. Իգնատի Առաքելյան

14:49 • 27.10.16

Խաղող մթերող ընկերությունների՝ գյուղացիներին պարտքը կազմում է մոտ 500 մլն դրամ, և պարտքի մարման վերջնաժամկետ չի սահմանվել:

Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։

Հարցին, թե ե՞րբ է մարվելու պարտքը, Իգնատի Առաքելյանն ասաց, որ դեռևս նախորդ տարվանից մթերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքի մարումը ձեռնարկությունների կողմից շարունակվում է:

«Պարտքը կամաց-կամաց վճարվում է: Որոշ ընկերությունների հետ ինքնարժեքից ցածր գնով հումքի իրացման պայմանավորվածություն կա: Եկել են այդ համաձայնությանը, որպեսզի պարտքերը մարեն»,-ասաց նախարարը և հավելեց, որ պարտքի մարման համար ժամանակ է անհրաժեշտ:

Հարցին, թե կա՞ն ընկերություններ, որ ապրանքի իրացման խնդիր ունեն, նախարարը չհերքեց. «Ընկերություններից շատերն ապրանքի իրացման խնդիր ունեն»: