Գազի և էլէներգիայի սակագնի շոշափելի նվազում կլինի սոցիալապես անապահով խավի և  ջերմոցային տնտեսությամբ զբաղվողների համար. Ռոբերտ Նազարյան

18:10 • 27.10.16

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի ծրագրի քննարկմանը ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը հիմնական զեկուցող, ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է՝ եկող տարի գազի և էլէներգիայի սակագների փոփոխություն լինի:

«2017 թ-ի ընթացքում հանրային ծառայության որևէ ոլորտում սակագնի փոփոխություն սպասվո՞ւմ է»,- հարցրեց Վահրամ Մկրտչյանը:

ՀԾԿՀ նախագահը նախ հիշեցրեց վարչապետ Կարեն Կարապետյանի՝ սոցիալապես անապահով խավի և գյուղատնտեսական որոշ խավերի համար ավելի մատչելի սակագին սահմանելու հայտարարությունը և նշեց, որ այս հանձնարարականի հետ կապված այժմ քննարկումներ են ընթանում:

Ըստ ՀԾԿՀ նախագահի, եթե գտնեն անհրաժեշտ ֆինանսավորման աղբյուրը, ապա կարող են գործել համաձայն «Էներգետիկայի մասին» օրենքի, ըստ որի՝ սահմանված սակագինն իրավունք ունեն վերանայել 6 ամիս անց։ Գազի համար 6 ամիսը լրանում է հունվարի 1-ին, իսկ էլէներգիայի համար՝ փետրվարի 1-ին:

«Չի բացառվում, որ մինչը հաստատումը մենք մինչև հունվարի 1-ը գազի սակագինը վերանայենք, իսկ մինչև փետրվարի 1-ը՝ էլէներգիայինը»,- պատասխանեց Նազարյանը:

Տեղից արձագանքեց նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Դեպի նվազում չէ՞»:

Ռոբերտ Նազարյանը հաստատեց, «Այո, դեպի նվազում: Շոշափելի նվազում կլինի սոցիալապես անապահով խավի համար, ինչպես նաև շոշափելի նվազում գյուղատնտեսության ոլորտում ջերմոցային տնտեսությամբ զբաղվող, գյուղմթերքի մշակողների համար: Սակայն սա պետք է լինի ոչ ի հաշիվ մեր մյուս սպառողների։ Դրա համար, երբ կունենանք ֆինանսավորման աղբյուր կսկսենք քննարկումներ»,-եզրափակեց Նազարյանը: