Օբաման կոչ է արել Էրդողանին համակարգել ԻՊ-ի դեմ պայքարում Թուրքիայի և Իրաքի ջանքերը

09:54 • 27.10.16

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայտնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ջանքերն Իրաքի հետ համակարգելու անհրաժեշտության մասին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը:

 

«Նախագահը ողջունել է Թուրքիայի և Իրաքի միջև շարունակվող երկխոսությունը՝ որոշելու համար Իրաքում ԻՊ-ի դեմ կոալիցիայի շրջանակում Թուրքիայի մասնակցության համապատասխան ձևն ու մակարդակը: Երկու առաջնորդները հաստատել են Իրաքի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն իրենց ամուր աջակցությունը»,- նշված է հայտարարությունում:

 

Օբաման նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիային Սիրիայի հյուսիս-արևմուտքում սիրիական ընդդիմությանն աջակցելու համար և ընդգծել է ԱՄՆ-ի և Թուրքիայի համագործակցության անհրաժեշտությունը:

 

ԱՄՆ-ն ավելի վաղ անհանգստություն էր հայտնել Իրաքում ԻՊ-ի դեմ գործողություններին Թուրքիայի հնարավոր մասնակցության վերաբերյալ և հայտարարել էր, որ Թուրքիան պետք է գործի Իրաքի կառավարության թույլտվությամբ: