«Կարեն Կարապետյանը մեր թիմի լիարժեք անդամ է». Է. Շարմազանովը վարչապետի ՀՀԿ-ական դառնալու մասին

21:41 • 27.10.16

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստն այսօր վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ականները քննարկել են կուսակցության հերթական համագումարի կազմակերպչական խնդիրները, կուսակցության ծրագրում սպասվելիք փոփոխությունները, ներկուսակցական հարցեր, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու հարցին, նա ասաց, որ գոնե այսօրվա նիստում նման հարց չի քննարկվել: Էդուարդ Շարմազանովը որևէ հստակ բան չասաց՝ Կարեն Կարապետյանը դիմում գրե՞լ է ՀՀԿ-ին անդամակցելու համար, թե ով:

«Պարոն վարչապետը, պարոն Նախագահի հետ, երբ որ ժամանակը գա, կքննարկեն, կորոշեն»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ անկախ նրանից Կարեն Կարապետյանն անդամակցելու համար կդիմի, թե չի դիմի կուսակցությանը, նա Հայաստանի Հանրապետական թիմի առանցքային ներկայացուցիչ է:

«Այս թիմի քաղաքական ղեկավարն ու առաջնորդը Սերժ Սարգսյանն է և պարոն Կարեն Կարապետյանը մեր թիմի լիարժեք անդամ է, և մենք լիարժեքորեն իր հետ միասին կիսում ենք կառավարության պատասխանատվությունը: ՀՀԿ-ն ինչպես եղել է Վազգեն Սարգսյանի կառավարության պատասխանատուն, այնպես էլ այսօր Կարեն Կարապետյանի կառավարության ամբողջական պատասխանատուն է»,- ասաց էդուարդ Շարմազանովը:

Նա նաև նշեց, որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ որևէ հարց չի քննարկվել ԳՄ նիստում: «Ձեր նշած գործընկերոջ ներողամտության մասին գրեթե բոլոր լրատվամիջոցների հետ խոսել եմ, ավելացնելու բան չունեմ: Եթե կոնկրետ հարցեր ունեք, տվեք այն մարդկանց, ով ներելու, ներվելու կարիք ունի կամ խնդիր ունի: Ես ո՛չ ներելու, ո՛չ ներվելու խնդիր ունեմ: Խոսել եմ բացառապես երևույթներից: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ քաղաքականության մեջ պետք է լինի կոռեկտություն, համերաշխություն, հանդուրժողականություն, քաղաքական մշակույթ: Բոլոր ոչ կոռեկտ գնահատականները պետք է լինեն անցյալում և հերիք է հետ նայեք, վիզներդ ծուռ կմնան, նայեք առաջ, իսկ ապագան կարծում եմ կլինի գեղեցիկ, ավելի համերաշխ, ավելի հանդուրժողական»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահը։