Թուրքիայի զբոսաշրջային ոլորտը մոտ 15 մլրդ դոլարի վնաս է կրել. հետազոտություն
Թուրքիան մոտ 15 մլրդ դոլարի վնաս է կրել օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքի կտրուկ նվազման պատճառով, հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան՝ Turizmdatabank պորտալի իրականացրած հետազոտությանը հղումով:
Հետազոտության հեղինակների փոխանցմամբ՝ Թուրքիա այցելող զբոսաշրջիկները, ի տարբերություն 2015թ., 15-20%-ով կրճատել են իրենց ծախսերը: Ոլորտի փորձագետների գնահատմամբ՝ այսօր արտասահմանցիները Թուրքիայում ծախսում են մեկ անձի համար 700-800 դոլարից ոչ ավելի գումար, ինչը բացասական է ազդում նաև առևտրի ոլորտի վրա:
Հայտնի է նաև, որ Ստամբուլի հյուրանոցների ծանրաբեռնվածությունն անցած 9 ամսվա ընթացքում նվազել է 30%-ով՝ ի տաբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի: Ստեղծված իրավիճակը պայմանավորված է անվտանգության հետ կապված խնդիրներով, ինչի պատճառով կտրուկ նվազել է եվրոպացի զբոսաշրջիկների թիվը:










