Թիվ 1 տպարանի 2-րդ մասնաշենքը իրականում այդքան էլ արժեքավոր չէր. Արմեն Ամիրյան

14:53 • 28.10.16

Պայթեցման եղանակով քանդված թիվ 1 տպարանի 2-րդ մասնաշենքն իրականում  պատմամշակութային արժեք չէր: Այս կարծիքն է հայտնել մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը 1in.am-ի հետ զրույցում:


Արմեն Ամիրյանը նշել է, որ այդ շենքը ներառված չէր պատմամշակութային արժեք ունեցող հուշակոթողների շարքում և ուներ սեփականատեր, ում որոշմամբ էլ շենքը քանդվել է: «Շենքն իրականում այդքան էլ արժեքավոր չէր, եթե արժեքավոր լիներ անշուշտ մենք այն կներգրավեինք պատմամշակութային արժեքների ցանկում», - հավելել է նախարարը:

Խոսելով Երևանի պատմական շենքերի գրավչության շնորհիվ տուրիզմի զարգացմանը նպաստելու մասին՝ Ա. Ամիրյանը նշել է, որ իր դիտարկմամբ տուրիզմի զարգացմանը չի խանգարում հին շենքերի փոխարինումը նորերով:

«Վերջիվերջո, քաղաքը մարդկանցով է քաղաք, այսօրվանով և ապագայի մասին մեր պատկերացումներով: Եկեք հիմա կառչենք այն մտքից, որ վերացրինք հին Երևանը: Այո՛, վերացրինք, այո՛, սխալ ենք արել, այո՛, մեղավորներին պետք է պատժել, ի՞նչ է փոխվելու»,- ընդգծեց նախարարը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այսօր  քայլեր ձեռնարկվում են դեռևս կանգուն պատմամշակութային շինությունների պահպանման ուղղությամբ՝ Ամիրյանն ընդգծեց, որ որպես պատմամշակութային արժեք ճանաչված բոլոր շենքերը պահպանվում են նախարարության կողմից:

Վերադառնալով տպագրատան պայթեցման հարցին Ամիրյանը նշեց. «Իմ մանկությունն անցել է հենց այդ տարածքում, բայց ի՞նչ կարող ենք անել, սեփականատիրոջ որոշումն է»: