«ՀՀԿ-ն սխալ է գնացել, բայց դա չի նշանակում, որ պիտի կախաղան հանենք». Աշոտ Աղաբաբյանը իրավիճակի պատասխանատուների մասին (տեսանյութ)
Իշխող կուսակցությունը պատասխանատու է Հայաստանում ստեղծված տնտեսական իրավիճակի համար: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը:
Նա նշեց, որ մի շարք հարցերում ՀՀԿ-ն «սխալ է գնացել, բայց դա չի նշանակում, որ պիտի կախաղան հանենք»: Աշոտ Աղաբաբյանի խոսքով՝ «վերականգնման պրոցես է գնում»: Իսկ ապագայում, ըստ նրա, լավ կլինի:
Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացված նոր ծրագրին, Tert.am-ը հարցրեց՝ կարդարանա՞ն հանրային սպասումները: Ի պատասխան՝ Աշոտ Աղաբաբյանը նշեց. «Յուրաքանչյուր պետության մեջ, երբ վարչապետները շուտ-շուտ են փոխվում, ուրեմն երկրի վիճակը լավ չէ: Ամեն նոր վարչապետի հետ մարդիկ հույսեր են կապում: Պետք է մի քիչ ժամանակ անցնի, նոր կերևա»:
Պատգամավորը նշեց, որ Կ. Կարապետյանի կադրերն ավելի պրոֆեսիոնալ են, նոր են հանրության համար, որդեգրվել է նոր մոտեցում, ինչի հետևանքով վարչապետը ողջ բեռը, պատասխանատվությունը վերցրեց իր վրա: «Նոր մարդիկ են պետք, հին մարդկանցով մինչև հիմա դոփում ենք, կոռուպցիայից ենք խոսում, դրա համար փոխել ա պետք: Մենք նոր ճշտին հավատում ենք: Կարևորը վստահությունն է պետության նկատմամբ: Եթե անձը մաքուր անձ է, նրան վստահում են, ներդրողները գալիս են: Հո էկողին չենք վստահում, պիտի տենանք չէ՞՝ էդ մարդը ոնց ա մեծացել, մաքուր ա մեծացել, հավատ ներշնչող ա մեծացել»,- ասաց Աղաբաբյանը:
Խոսելով կոռուպցիայի, մենաշնորհի դեմ պայքարի մասին Աղաբաբյանն ասաց. «Վարչապետն ասում է, որ ազատ տնտեսական դաշտ էլ պետք է լինի, արտադրությանը պետք է զարկ տանք: Այն, ինչ խորն է դրված՝ դանդաղ պետք է վերանա: Շուկան այնպիսին է, որ, եթե հարկային դաշտը մաքրվի, մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունենա, ամեն ինչ կլինի: Չի եղել հավասար, բայց ինձ թվում է, որ վարչապետն ամեն ինչ կբերի տեղը: Եթե վարչապետը համարում է, որ իր տունն իր հայրենիքն է, տան նման կաշխատի: Բոլոր դեպքերում, ես հույսով չեմ ապրում, հույսն ինձ համար համարյա թշնամի է, ռեալ պիտի տեսնենք»:
Փոքր և միջին բիզնեսին, ըստ պատգամավորի, պետք է նաև ազատ դաշտ տալ: Թե ինչու մինչ օրս այս ամենը չի արվել, Աղաբաբյանը պատասխանեց՝ «բյուջեն մեծացնելու համար, որ տնտեսական աճ գրանցվի»:
«Կոռուպցիայի հիմնական վիրուսն ի՞նչն է, որ մարդ բերում է նոր բան է ստեղծում, տեսնում ենք, որ շատ լավն է, չենք թողնում աշխատի, ուզում ենք՝ մենք անենք»,- ասաց Աշոտ Աղաբաբյանը: Ճշտող հարցին՝ մենք ասելով ո՞ւմ նկատի ունի, պատգամավորը պատասխանեց. «Մեզնից յուրաքանչյուր օլիգարխի կամ յուրաքանչյուր կոռուպցիոների: Խի քի՞չ մարդկանց ենք մենք վիրավորել՝ թողել ստեղից գնացել են: Շատ մարդկանց ենք վիրավորել»:
Մանրամասները՝ տեսանյութում։










