Կարեն Կարապետյանը ամեն շաբաթ պետք է հաշվետվության տա հասարակությանը. Վիգեն Հակոբյան
Վարչապետն առավելագույնը 2 ամիս ժամանակ ունի, որպեսզի հասարակության հույսերը արդարացնի։ Tert.am-ի հետ զրուցում այս մասին նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Ըստ նրա՝ Կարեն Կարապետյանին հասարակության հուսալքված հատվածն ընկալում է որպես փրկիչ, քանի որ հիասթափված է թե՛ իշխանական, թե՛ ոչ իշխանական ուժերից, Կարեն Կարապետյանին դեռևս չեն կապում համակարգի արատների հետ։
«Նա ընկալվում է որպես էֆեկտիվ մենեջեր, որին ժամանակին քաղաքապետի պաշտոնում չթողեցին աշխատել, բացի դրանից՝ մեր հասարակությունն արևելյան տրամադրություններ ունի և հավատում է ոչ կոնստրուկտիվ փոփոխություններին, ծրագրերին, գաղափարախոսությանը, այլ լիդերներին»,- մանրամասնեց քաղտեխնոլոգը։
Ըստ նրա՝ վարչապետը երկար չի կարող հասարակության վստահությունը վայելել, եթե արագ,շոշափելի փոփոխություններ չարվեն. «Որքան արագ հերոսացրել են, այդքան արագ էլ կհիասթափվեն։ Առաջին հերթին Կարեն Կարապետյանը կադրային փոփոխություններից հետո պետք է սոցիալ-պոպուլիստական քայլեր ձեռնարկի, արդեն իսկ այդ ուղղությամբ աշխատում է, խոսվում է գազի և Էլեկտրաէներգիայի գների իջեցման մասին, սա վարչապետի համար հեշտ կլինի՝ հաշվի առնելով գազպրոմի կապերը»։
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ամեն շաբաթ վարչապետը պետք է հաշվետվություն ներկայացնի հասարակությանը։
«Եթե բերել են 6 ամսվա ծրագիր, ապա պետք է կառավարության նիստից –նիստ արդյունքներ ներկայացնեն»։
Վիգեն Հակոբյանը կարևորում է նաև այն, որ պաշտոնյաները հասանելի լինեն, բյուրոկրատական, չինովնիկական մտածելակերպից ձերբազատված։
Վիգեն Հակոբյանը հիշեցրեց, որ 2008 թ-ին Տիգրան Սարգսյանին հասարակությունը ևս հավատում էր, բայց հետո տեսանք՝ ինչ եղավ։
«Տիգրան Սարգսյանին ընկալում էին որպես արևմտյան, քաղաքակիրթ, բանիմաց, սպիտակ կերպար, բայց տպավորությունները փոխվեցին»։
Քաղտեխնոլոգը նաև կարծիք հայտնեց, որ Կարեն Կարապետյանի կերպարը հասարակության համար կարճ ժամանակ անց կդառնա սովորական, հետո կսպասեն գործողությունների, համակարգային փոփոխությունների։
«Պետք է լինեն ոչ թե իմիտացիոն, այլ ռեալ փոփոխություններ մենաշնորհի, կոռուպցիայի դեմ պայքարում, և, ընդհանրապես, տնտեսական քաղաքականությունը նորը պետք է լինի, որում բացի մեր ավանդական մոտեցումներից, լինեն նաև այլ սկզբունքներ»։










