ԱԺ պատգամավորները շարունակում են քվեարկել միմյանց փոխարեն, որովհետև «մարդկային մոտեցում էլ կա, զանգում խնդրում են». կարծիքներ
Իշխանության բոլոր ներկայացուցիչները միաբերան հայտարարում են, որ ՀՀ նախագահի փետրվարի 12-ի ելույթով ազդարարել են լայն բարեփոխումների մեկնարկ՝ սկսած իշխանավորների վարքագծից, պատասխանատվության չափաբաժնի վերանայումներից, մինչև կառավարության նոր կազմ՝ նոր մոտեցումներով, նոր փիլիսոփայությամբ:
Այս համատեքստում վարչապետ Կարեն Կարապետյանը ևս հայտարարել է, թե «պետք է փոխվենք և սկսենք մեզանից»: ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանն էլ հավաստիացնում է, որ փոփոխությունների շղթան չի կարող շրջանցել նաև կուսակցությունը, ուստի՝ նոր որակի իշխանություն կառուցելու ճանապարհին փոփոխություններ կլինեն նաև ՀՀԿ-ում:
Այն մասին, թե ե՞րբ է բարեփոխումների ալիքը հասնելու Ազգային ժողով, ե՞րբ են պատգամավորները դադարելու քվեարկել միմյանց փոխարեն՝ գիտակցելով, որ նոր որակի իշխանավորը չպետք է միաժամանակ մեկ քվեարկության համար մի քանի կոճակ սեղմի, Tert.am-ը խոսել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հետ։
Պատգամավորի խոսքով՝ հարցը չպետք է ընդհանրական գնահատել։ Սա, ըստ նրա, անհատական խնդիր է ու վերաբերում է անհատ պատգամավորներին, իսկ «մեկ-երկու նման դեպքերը չեն փոխում որակը»:
«Շատ ու շատ խնդիրների լուծման մեջ ես կարևորում եմ մարդու դերակատարումը գիտակցության ամենաբարձր մակարդակում: Այսինքն՝ կարևորում եմ իր մասնակցությունը իր ներուժի չափ, ոչ թե որպես կատարողի, այլ՝ լիարժեք մասնակցի: Չգիտեմ՝ ինչ եք տեսել, որտեղ եք տեսել, բայց մեկը մյուսի փոխարեն քվեարկելու երևույթներն անցյալում ավելի շատ են եղել, բայց պակասել են: Ուրեմն եկեք նայենք ոչ թե այդ փոքրիկ խնդիրը, այլ միտումը, մոտեցումը, որ անգամ եթե նման մեկ-երկու դեպք կա, դա որակը չի կազմում»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը:
Հարցին, թե գալո՞ւ է մի օր, երբ մեկ-երկու քվեարկողն էլ, ինչի մասին խոսեց պատգամավորը, այլևս չքվեարկեն միմյանց փոխարեն, Մուրադյանը հարցով պատասխանեց. «Գալո՞ւ է այն օրը, երբ դուք ձեր ընտանիքում բոլոր խնդիրները լուծած եք լինելու: Եթե գա այդ օրը, ուրեմն կգա նաև այն օրը, երբ մենք կունենանք առանց խնդիրների հասարակություն»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ հիշեցրեց, որ նախկինում ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը որոշում է կայացրել մեկը մյուսի փոխարեն քվեարկող պատգամավորների վերաբերյալ, ինչից հետո օրենքում նաև փոփոխություն կատարվեց:
«Դրանից հետո ամեն պատգամավոր ինքը պիտի որոշի՝ քվեարկել գործընկերոջ փոխարեն, թե ոչ: Մարդիկ իրենք են որոշում՝ ինչ անել: Խմբակցության նիստերի ժամանակ էլ անընդհատ ասվում է, որ զերծ մնան մեկը մյուսի փոխարեն քվեարկելուց, բայց դե հիմա մեկը մյուսին խնդրում է և այլն… Ուրիշ բան է, որ ուշանում են մի 10 վայրկյան, խնդրում են, որ իրենց տեղը գրանցվես, մինչև գան հասնեն նիստերի դահլիճ, բայց երբ քվեարկում են… Բայց մարդկային մոտեցում էլ կա, զանգում խնդրում են, ինձ էլ են խնդրում: Ես ասում եմ, որ ցանկալի է ամեն մարդ իր տեղը քվեարկի»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը, ով ևս քվեարկել է ուրիշի փոխարեն:
Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ով բազմիցս աչքի է ընկել իր գործընկեր պատգամավորների փոխարեն քվեարկելու դեպքերով, նախ համաձայնեց պատասխանել մեր հարցերին, ապա, լսելով հարցը, արագ հեռացավ, ասաց, որ նիստի պիտի գնա:










