Եթե տեսախցիկների և ուղիղ հեռարձակման պահանջը չբավարարվի, ապա կասկածի տակ կդրվի ընտրությունների օրինականությունը. Լ. Զուրաբյան

12:40 • 28.10.16

ԱԺ ճեպազրույցների ժամին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր մտահոգությունը հայտնեց, թե լսել է որոշ տեղեկություն, որ «խոշոր ընտրակեղծարարները» ցանկանում են ձախողել ընտրական գործընթացի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մի մասը։ Խոսքը, ըստ նրա, վերաբերում է տեսախցիկների տեղադրմանը բոլոր ընտրատեղամասերում և ընտրական գործընթացի օնլայն հեռարձակմանը:

«Դա մեր պայմանավորվածության անբաժանելի մասն է: Դրա նպատակն է, եթե ցուցակների հրապարակումը երաշխավորում է, որ տեղամաս կմտնեն և կքվեարկենք օրինական իրավունք ունեցող ՀՀ-ում գտնվող ընտրողները, ապա տեսախցիկների տեղադրումը ապահովում է, որ մտած և քվեարկած մարդկանց ձայները կհաշվարկվեն ճիշտ: Այսինքն՝ տեղի չի ունենա վստահված անձանց կողմից ապօրինի ուղղորդում, մանիպուլյացիաներ, բռնություններ»,-ասաց նա:

Լևոն Զուրաբյանը զգուշացրեց, որ եթե հանկարծ որևէ պատճառով տեսախցիկների տեղադրումը չիրականացվի, ապա իրենք բոլոր հիմքերը կունենան կասկածի տակ դնելու առաջիկա ընտրությունների օրինականությունը։

«Խորհուրդ եմ տալիս բոլորին՝ առաջին հերթին իշխանություններին, կենտրոնանալ համաձայնագրի տարրերի վրա, մենք կատակ չենք անում, մեր խոսքն ու ստորագրությունը կշիռ ունեն, և սպասում ենք նույնը բոլոր կողմերից, ովքեր ստորագրությունը դրել են այդ փաստաթղթի տակ»,-ասաց նա:  

ՀԱԿ պատգամավորը նաև խոսեց անցած ԱԺ նստաշրջանից և նշեց, թե այն անցավ հանգստի ռեժիմով, արտահերթներից հոգնել էին: