Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալվել է բորտուղեկցորդուհուն կողոպտած 22-ամյա հայ երիտասարդ
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալվել է քաղաքի կենտրոնում բորտուղեկցորդուհուն և նրա ընկերուհուն կողոպտած տղամարդը, 360 հեռուստաալիքին հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը:
Աղբյուրը մանրամասնում է, որ հանցագործությունն իրականացվել է հոկտեմբերի սկզբին: «Полет» ավիաընկերության բորտուղեկցորդուհին իր ընկերուհու հետ հանգստանալիս է եղել քաղաքի կենտրոնում գտնվող գիշերային ակումբներից մեկում, իսկ տուն ուղևորվելիս նրանք նստել են ծագումով Կովկասից երկու տղամարդու մեքենան: Սակայն չի նշվում՝ դա տաքսի է եղել, թե ոչ։
Հեռուստաալիքի տեղեկություններով` ուղևորության վերջում, երբ կանայք սկսել են վճարել, դիմացի նստատեղին գտնվող տղամարդը հանել է դանակն ու նրանցից դրամապանակ, ոսկյա շղթա և iPhone վերցրել: Դրամապանակում եղել է մի քանի բանկային քարտ ու տարբեր արժույթներով գումար: Ընդհանուր վնասը կազմել է 383 հազար ռուբլի:
Կայքը գրում է, որ հանցագործներից մեկը ձերբակալվել է հոկտեմբերի 27-ին` «Շերեմետևո» օդանավակայանում: Պարզվել է, որ տղամարդը չունի մշտական բնակության վայր:
«Ձերբակալությունն իրականացվել է հոկտեմբերի 27-ին՝ ժամը 08:30-ին: Հանցագործը Հայաստանից 22-ամյա տղամարդ է»,- պատմել է հեռուստաալիքի զրուցակիցը:
Նշվում է, որ կողոպուտի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:










