Իրաքի քրդերի առաջնորդն ասել է՝ որքան կտևի Մոսուլի ազատագրման գործողությունը

10:10 • 28.10.16

Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին ասել է, որ Մոսուլի ազատագրման գործողության ներկայիս տեմպերի պահպանման դեպքում քաղաքն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից մաքրելու համար կպահանջվի առավելագույնը 3 ամիս, գրում է ria.ru-ն:


«Մեզ հաջողվեց արագ գրավել քաղաքի մատույցները, սակայն հայտնի չէ, թե որքան ուժեղ կկարողանա ԻՊ-ն ինքնապաշտպանվել հենց քաղաքի ներսում: Մենք տեսնում ենք, որ նրանք հարյուրավոր մահապարտներ ունեն, և չի բացառվում, որ այնտեղ լինեն պայթուցիկի արտադրությամբ զբաղվող գործարաններ: Քաղաքի գրոհի ժամանակ դա մեծ վտանգ կստեղծի: Եթե ամեն ինչ ապագայում էլ հաջող ընթացք ունենա, ապա կարծում եմ, որ քաղաքը կկարողանան ազատագրել ամենաուշը 3 ամսից»,-ասել է Բարզանին Bild-ին տված հարցազրույցում:


Նա նաև մանրամասնել է, որ քրդական զորամիավորումները (փեշմերգա) չեն մասնակցի բուն քաղաքի գրոհին:


«Ավելի լավ կլինի, եթե քաղաք մտնի իրաքյան բանակն ու, այդպիսով, հնարավոր լինի խուսափել բնակչության շրջանում արաբների և քրդերի միջև բախումներից: Բայց եթե մեզ խնդրեն ու դրա վերաբերյալ ձեռք բերվի նոր համաձայնագիր, մենք, իհարկե, կօգնենք. մենք դրան պատրաստ ենք»,-ասել  Բարզանին:


Առաջնորդի խոսքով՝ ներկայում Իրաքյան Քուրդիստանի տարածքում գտնվում է 1.8 մլն փախստական, որոնց կարող է միանալ ևս 1 մլն մարդ՝ Մոսուլից:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, քրդական զորամիավորումները (փեշմերգա) ու իրաքյան զորքերը հոկտեմբերի 17-ից լայնամասշտաբ գործողություն են սկսել Մոսուլ քաղաքի մոտ՝ նպատակ ունենալով մաքրել իրաքյան Նայնավա նահանգն ու դրա վարչական կենտրոն համարվող Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից:


Մինչդեռ միջազգային կոալիցիայի ռազմական օդուժը հոկտեմբերի 16-ից ռմբակոծում է ԻՊ-ի դիրքերն ու աջակցում Մոսուլի ազատագրման գործողությանը:


Իրաքի 2-րդ խոշորագույն քաղաքը համարվող Մոսուլն ԻՊ-ի կողմից գրավվել է 2014թ.: Ըստ տարբեր տվյալների՝ այնտեղ կարող է գտնվել 3.000-4.500 գրոհային: